Հայաստանի ԱԳ նախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել շփման գծում լարվածության շեշտակի մեծացման, Բաքվում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վրա։

 

Ուրբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:

 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով' նախարարների, համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

 

Հիմնվելով նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5-ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման' քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների' տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

 

Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին' ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

 

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների' հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

 

Հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը' շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպշիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները: Համանախագահները կոչ արեցին կողմերին լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները»։