Այսօր սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որը աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում' մասնակցելու Մյունխենի 51-րդ Միջազգային անվտանգության համաժողովին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական moderator.az լրատվական կայքը' հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

 

Ենթադրվում է, որ հանդիպմանը կքննարկվեն վերջին օրերին սահմաններում ստեղծված լարվածությունը եւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները:

 

Ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Նրանք արդեն հանդիպել են աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ քննարկել սահմանում տիրող իրավիճակը:

 

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությանն է հրավիրել Հայաստանի սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների եւ դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա' շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ' քաղաքացիական անձանց զոհերի:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը եւ արկածախնդիր քաղաքականությամբ ու սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը», -ընդգծել է նախարար Նալբանդյանը:

 

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը' ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:-