Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ծրագիրը միտված է ապագային և առավելապես ուղղված է ապագա սերունդներին: Ուսումնասիրելով փաստաթուղթը' քաղաքագետն առանձնացրել է թե՛ փաստաթղթում առկա մտահոգությունները, թե՛ այն առավելությունները, որոնք տրվելու են նոր Սահմանադրությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կիրակոսյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հանրությունն իրազեկված չէ:
«Բացի այն, որ հանրության մոտ իրազեկվածության մակարդակն է շատ ցածր, այլև շատերի մոտ չկա հարցի վերաբերյալ ընկալում: Ես իրավաբան չեմ և մեծ դժվարությամբ հասկացա ու ըմբռնեցի փոփոխությունների հետևանքը»,- ասաց Կիրակոսյանը' հավելելով, որ Սահմանադրությունը կարևոր գործիք է, և փոփոխությունների գործընթացը ո՛չ խնդիր է, ոչ՛ լուծում: «Այն կիրառում և կիրարկում է, և հենց դա է իրականությունը: Սա դինամիկ գործընթաց է և ոչ ստատիկ և ունի բազմաթիվ հնարավորություններ»,- ասաց Կիրակոսյանը' հավելելով, որ միայն Սահմանադրության ընդունումը չի կարող իրավիճակ փոխել, քանի որ փաստաթղթի ընդունմանը զուգահեռ պետք է լինի նաև հաշվետվողականության, օրենքի գերակայության և այլ կարևորագույն դրույթների պահպանում, որպեսզի Սահմանադրության ընդունումը և փոփոխությունների կիրառումը լինեն արդյունավետ:
«Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունը Սերժ Սարգսյանի համար չէ, որ նա շարունակի իշխանությունը կամ դառնա վարչապետ: Դրա համար ոչ մի ապացույց չկա, և այս հարցի առնչությամբ հակադիր կարծիքները շատ թույլ են: Նախագիծը վստահություն չի բերում խորհրդարանին, և գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցների հանդեպ վստահության պակաս կա: Միաժամանակ, երկարաժամկետ կտրվածքով, գոյություն ունեն շատ հնարավորություններ, որպեսզի մշակվի իրական պլյուրալիստիկ քաղաքական համակարգ և ավելի արդյունավետ կոալիցիոն համակարգ ապագայում: Դա կբերի նր ան, որ ապագայում պետությունն ավելի շատ կախված կլինի ոչ թե անհատներից, այլ քաղաքական կառույցներից: Այստեղ որոշումների գործընթացը կլինի ոչ թե նախագահական աշխատակազմում, այլ խորհրդարանում, և խորհրդարանը կունենա մեծ հնարավորություն որոշումների կայացման համար»,- ասաց Կիրակոսյանը: