Սինայում Airbus A321-ի կործանումից մոտ 2 ամիս առաջ 189 ուղևորներով բրիտանական ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանում վայրէջքի ժամանակ մի կերպ է խուսափել հրթիռի հարվածից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Ինչպես պնդում է պարբերականը՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Նշվում է, որ Լոնդոնից թռչող Thomson ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի ժամանակ տեսել է հրթիռը, որը թռչում էր օդանավի ուղղությամբ: Առաջին օդաչուն հասցրել է ինքնաթիռը ձախ շրջել, ինչի արդյունքում հրթիռը թռչել է դրանից 300 մետր հեռավորության վրա:
Daily Mail-ի տեղեկատվությամբ՝ միջադեպի մասին իմացել են միայն անձնակազմի 5 անդամները: Ավելի ուշ նրանց հայտնել են, որ հրթիռն արձակվել է եգիպտացի զինվորականների զորավարժությունների ընթացքում:
Տեղեկությունը հաստատել են Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտում: