Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են երկու աշխատակցի՝ A321 ռուսական օդանավի ահաբեկչության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Ըստ Reuters-ի՝ ձերբակալվածները հնարավոր է օգնել են ահաբեկիչներին՝ օդանավում պայթուցիկ սարք տեղադրելու հարցում:
Հիշեցնենք՝ «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus A321 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսային մասում: Օդանավում եղել է 224 մարդ, որոնցից 217-ն ուղևորներ էին: Այդ թվում՝ ինքնաթիռում եղել է ավելի քան 20 երեխա, նրանցից ամենափոքրն ընդամենը 10 ամսեկան է եղել: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել:
Նոյեմբերի 17-ին ԱԴԾ-ն խոստովանել է, որ Սինայում ռուսական օդանավի աղետի պատճառն ահաբեկչությունն է եղել: LifeNews-ի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներն ունեն բոլոր հիմքերը՝ համարելու, որ A321 ինքնաթիռ պայթուցիկ սարքն անցկացրել է Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, ով ավելի վաղ էր այնտեղ աշխատանքի տեղավորվել: