ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացա­հայտվել է կաշառակերության փաստ:

 

Փետրվարի վերջին, ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գևորգ Կոստանյանը, 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորու­թյուններն անտեսելու և չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործու­նեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.-ից, ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ և 2000 ԱՄՆ դոլար գումար:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի հատկանիշներով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Գևորգ Կոստանյանը և Աղվան Գալստյանը ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: