Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 33 դեպք: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

 

 

«Նախորդ տարի կատարած մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում այս հիվանդությունները արտասահմանից բերոված են և առավել ակտիվանում են տուրիստական շրջանում՝ մայիսից մինչև օգոստոս: Կարմրուկի և կարմրախտի բացիլները հնարավորություն ունեն բնակչության խոշոր շրջանակում գտնել չպատվաստված անձի և վարակել նրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նա:

 

 

Ի տարբերություն այս տարի գրանցված կարմրուկի դեպքերի, վերջին երեք տարիների ընթացքում տարեկան գրանցվել էր այս հիվանդության ընդամենը տասական դեպք: Այս տարի կարմրուկի վարակը Հայաստան էր ներթափանցել Ավստրիա ճամփորդությունից վերադարձած և կարմրուկի դեմ չպատվաստված երեխայի միջոցով: Արդյունքում վարակը տարածվել էր մանկապարտեզի դաստիարակի և մի քանի երեխաների շրջանում, ովքեր նույնպես չէին պատվաստվել կարմրուկի և կարմրախտի դեմ: Վարակը տարածվելով, խոցել է 2007թ. Հայաստանում համատարած պատվաստմանը չմասնակցած մեծահասակների: