A321 ավիահանրանավի բեկորների վրա պայթուցիկ նյութերի հետքերի վերաբերյալ առաջին տվյալները, եթե այնտեղ պայթյուն իրոք տեղի է ունեցել, ռուս փորձագետները կարող են ստանալ արդեն մոտ ժամանակներս, իսկ ավելի որոշակի եզրակացությունների հարկ է սպասել երկու շաբաթ հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Ռուսաստանի այն կառույցների մի շարք աղբյուրներ, որոնք զբաղվում են քրեագիտական հետազոտություններով:
Ավելի վաղ ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ ռուսաստանցի փորձագետները ողողվածքներ և քերվածքներ են վերցրել Սինայում կործանված ինքնաթիռի բոլոր բեկորներից՝ ստուգելու համար, թե կա՞ն արդյոք այնտեղ պայթանյութի հետքեր: Դրանք բերվել են Մոսկվա և արդեն ուսումնասիրվում են:
Ըստ աղբյուրների՝ եթե պայթուցիկ նյութերի հետքերն ակնհայտ լինեն և հայտնաբերվեն լաբորատորիայում ստացված առաջին իսկ օբյեկտների վրա, ապա երեք օրում կարող է պատրաստ լինել նաև փորձաքննության առաջին «դրական» արդյունքը: Եթե ոչ, ապա պայթյունի հետքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական եզրակացությունը կարող է արվել երկու շաբաթից մինչև մի քանի ամիս ժամանակամիջոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: