ffa.am Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որով պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան-ակումբ ՖԱՖ-ին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՖԱՖ-ը հայտնել էր, որ իրենք նոյեմբերի 16-ին' ժամը 17:00-ին հավաքվելու են Արամ Խաչատրյանի արձանի մոտ, իսկ դեպի ՀՖՖ-ի շենք բողոքի երթը մեկնարկելու է 18:00-ին:
Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ:
Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով:
ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են և մենք ամեն ինչ անելու ենք որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից:
ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»: