Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

 

 

«Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված այս քննարկմանը կցանկանայի, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնենք երկու խնդրի վրա՝ գյուղատնտեսության զարգացում, հատկապես՝ անասնապահության և երկրորդ՝ ենթակառուցվածքների զարգացում: Կցանկանայի տեսնել, թե պետությունը ի՞նչ նոր նախաձեռնություններով կարող է օժանդակել գյուղատնտեսության զարգացմանը, այդ թվում՝ անասնապահությանը, որովհետև այս ոլորտում աճի միտումները մեզ համար ուրախալի են: Երկրորդ՝ մենք 2012թ. վերջին և 2013թ. սկզբին վերլուծելով տարբեր մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եկանք այն եզրակացության, որ Արագածոտնի մարզի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունն է:

 

Նկատի ունեմ՝ ջրամատակարարումը, միջհամայնքային ճանապարհների վիճակը, գազամատակարարումը: Անշուշտ, նկատել եք, որ տարիների ընթացքում մենք այս ոլորտներին ուղղված միջոցներն ավելացրել ենք: 2015թ.-ին 2014թ.-ի համեմատ այս ոլորտների զարգացմանն ուղղված միջոցները կրկնապատկվել են, և մենք ակնկալում ենք, որ միջոցների ավելացումը բերելու է նաև իրավիճակի բարելավման, արդյունքների կրկնապատկման, միգուցե՝ փոքր-ինչ ավելիին: Պետք է շատ խնայողաբար վերաբերվել այս միջոցներին:

 

 

Արագածոտնի մարզով է անցնում մեր երկրի կարևորագույն երակներից մեկը, այստեղ է իրականացվում մեր կարևորագույն ծրագրերից մեկը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» և մենք նպատակ ունենք ու վստահ եմ, որ իրականացնելու ենք, 2018թ.-ին ավարտել Արագածոտնի մարզով անցնող այդ մայրուղու ամբողջական հատվածը և մեր ծրագրերի համաձայն, 2018թ.-ին արդեն շահագործման ենք հանձնելու Երևան-Գյումրի ամբողջական հատվածը:

 

 

Ակնկալում եմ, որ մարզպետարանը, համայնքների ղեկավարները բարեխղճությամբ ու պատրաստակամությամբ կմոտենան խնդիրների լուծմանը, որովհետև ճանապարհի համար նոր հողակտորների օտարման անհրաժեշտություն կա: Այսինքն' մարդիկ պետք է հասկանան, որ այս ճանապարհը շատ կարևոր է հանրապետության համար և, բնականաբար, առաջին հերթին՝ մարզի: Շատ էական է այն հանգամանքը, որ միջոցներ են նախատեսվում նաև կենտրոնական ճանապարհին երկրորդական ճանապարհների միացման համար, այսինքն' զարգացման լուրջ խնդիրներ են լուծվում:

 

 

Իհարկե, կցանկանայի, որպեսզի մարզպետարանը շատ ավելի ուշադիր և բծախնդիր լիներ առողջապահության և կրթության խնդիրների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձներ կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը, որովհետև Արագածոտնը մեր այն եզակի մարզերից է, որտեղ գյուղական բնակչությունը մի քանի անգամ գերազանցում է քաղաքային բնակչությանը: Ուստի, այս խնդիրները հրատապ լուծում են պահանջում հատկապես գյուղական բնակավայրերում: Պետք է շատ ուշադիր լինել այս հարցում: Մեր օժանդակությունն այստեղ մշտապես կարող եք ակնկալել»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրել է ըստ տարբեր ոլորտների՝ քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնապահպանություն և այլ բնագավառներում իրականացված, ինչպես նաև առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերը, ընթացիկ աշխատանքներն ու առկա խնդիրները: Մարզպետը վստահեցրել է, որ Հանրապետության Նախագահի նշած ուղղություններով աշխատանքները մարզպետարանի մշտական ուշադրության ներքո են, և դրանց արդյունքների մասին պարբերաբար կզեկուցվեն Նախագահին:

 

 

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, հիմնականում նախատեսված են կրթության բնագավառում՝ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական կրթական հաստատությունների համար:

 

 

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման, ինչպես նաև ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման միջոցառումների մշակման և անասնաբուծության զարգացման ծրագրերի առաջմղման նպատակով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզում հակակարկտային համակարգերի ազդեցության գոտու ընդլայնման ուղղությամբ՝ համապատասխան ուսումնասիրության արդյունքներն ու ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

 

 

ՀՀ Արագածոտնի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ քննարկել մարզի ցանքատարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման համար անհրաժեշտ ոռոգման համակարգերի զարգացման, մասնավորապես՝ ջրանցքների շարունակական վերականգնման առաջնահերթությունները՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերում ներառելու նպատակով համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

 

 

Մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել անասնաբուծության զարգացմանն ուղղված մարզային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ մարզի ֆերմերային տնտեսություններին օժանդակության լրացուցիչ մեխանիզմների վերաբերյալ հստակ միջոցառումներ մշակելով:

 

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին աջակցության նպատակով մարզպետը հանձնարարական է ստացել՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել այդ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Աշտարակ-Թալին հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին:

 

 

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների կրթական հաստատությունների հրատապ նորոգման խնդիրներին: