Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի հայտարարել, որ պատրաստվում է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը' պարզաբանելով մամուլում բուռն քննարկվող մի տեղեկություն, ըստ որի' Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի օդանավակայանը Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններին տրամադրելու ղարաբաղյան իշխանությունների պատրաստակամության մասին: «Նախագահը չի ասել, որ պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Նա խոսել է օդանավակայանի հնարավոր մասնակցության, ոչ թե տրամադրման մասին: Նախագահն ասել է, որ եթե օդանավակայանն սկսի ամբողջությամբ շահագործվել, միգուցե քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը»,- նշեց մամուլի խոսնակը:

 

Անդրադառնալով «Ռեգնում» գործակալության հրապարակմանը' Բաբայանը նշեց, որ գործակալությունը նման բան գրել է, որպեսզի իր նյութերն ավելի շատ ընթերցվեն, հնչել է հարց, եղել է պատասխան, որ երբ օդանավակայանը շահագործվի, հնարավոր է քննարկվի հակաահաբեկչական գործողություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Սակայն դա ապագայի խնդիր է և պետք չէ շտապել:

 

Գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդնավակայանը հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Հայտարարությունը տարածվել է հայկական ու ռուսական մի շարք լրատվամիջոցներում: