Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարգադրել է ուղիներ գտնել Ռուսաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու՝ չխախտելով Արևմուտքի պատժամիջոցները։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը The Washington Post թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում։
Վկայակոչելով չինացի և ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաների՝ նա գրում է, որ Սի Ցզինպինը «հրահանգել է իր մերձավոր խորհրդականներին գտնել միջոցներ Ռուսաստանին ֆինանսապես օգնելու համար, բայց առանց խախտելու արևմտյան պատժամիջոցների ռեժիմը»։ «Դա անելը դժվար է, իսկ Ռուսաստանի տեսանկյունից դա բավարար չէ»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ մեկնաբանելով տեղեկատվությունը։ Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Պեկինը փորձում է «այլ բարենպաստ հնարավորություններ» գտնել նաև դիվանագիտական ու ռազմական ոլորտներում՝ Մոսկվային աջակցելու համար։
Նրա տեսանկյունից՝ «այն, ինչին փորձում է հասնել Չինաստանը, Ռուսաստանի հետ լինելն է, հրապարակայնորեն չեզոքության ազդարարումը և ֆինանսապես չսպառվելը»։ «Այդ նպատակներից շատերը հակասում են միմյանց, դժվար է դրանց հասնել միաժամանակ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Բացի այդ, Մոսկվան, ըստ պարբերականի, Պեկինից ավելի շատ աջակցություն է խնդրել վերջին շաբաթներին՝ հիասթափություն հայտնելով ՉԺՀ-ի նման քայլերի կապակցությամբ և կոչ անելով նրանց գործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի փետրվարյան համատեղ հայտարարության ոգով, որտեղ ասվում է. «Երկու երկրների բարեկամությունը սահմաններ չունի»։ Սակայն Չինաստանի ղեկավարությունը, ըստ չինացի և ամերիկացի պաշտոնյաների, ցանկանում է ընդլայնել Ռուսաստանին տրամադրվող օգնությունը՝ չխախտելով Արևմուտքի պատժամիջոցները, և սահմաններ է որոշել իր անելիքների համար։ Պարբերականը մեջբերում է չինացի մի պաշտոնյայի, ով Մոսկվայի և Պեկինի միջև վերջին խորհրդակցությունները լարված է անվանել։
Պարբերականի տվյալներով՝ վերջերս Մոսկվան առնվազն երկու անգամ ճնշում է գործադրել Պեկինի վրա՝ ՉԺՀ-ից Ռուսաստանին «տնտեսական աջակցության նոր ձևեր» առաջարկելու համար։ Ըստ The Washington Post-ի՝ Ռուսաստանը, ի թիվս այլ բաների, խնդրել է Չինաստանից կատարել «առևտրային պարտավորությունները» մինչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, ինչպես նաև «ֆինանսական և տեխնոլոգիական աջակցություն է խնդրել, որն այժմ ենթակա է ԱՄՆ-ի և այլ պատժամիջոցների»՝ հավաքական Արևմուտքի կողմից։
Իր հերթին, ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն The Washington Post-ին ասել է, որ խոսքը ոչ թե Արևմուտքի սահմանափակող միջոցները շրջանցելու փորձի մասին է, այլ որ դրանք վնաս են հասցրել Մոսկվայի ու Պեկինի և՛ «բնականոն տնտեսական, և՛ առևտրային փոխանակումներին»: Ինչպես նշել է դիվանագետը, այս սահմանափակումները հանգեցրել են մի իրավիճակի, երբ բոլոր կողմերը պարտվող են, և վատթարացրել է առանց այն էլ ծանր իրավիճակը համաշխարհային տնտեսության մեջ։
Ի վերջո, չինացի անանուն պաշտոնյաները թերթին ասել են, որ Մոսկվան Պեկինից «զենք և զինամթերք» չի խնդրել, և որ Չինաստանի և Ռուսաստանի միջև գործարար հարաբերությունները կշարունակվեն: «Չինական կողմը պատրաստ է կատարել իր պարտավորությունները ռուսական կողմի հանդեպ և դա կանի, երբ համապատասխան պայմանները բավարարվեն»,- թերթին ասել է Պեկինի աղբյուրը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Պեկինի դեմ Վաշինգտոնի նախազգուշացումների և զգուշացումների «իրական պատճառը» «չինական և ռուսական կողմերի միջև տարաձայնություններ սերմանելու» փորձն է։ «Դա տեղի չի ունենա, ամերիկացիներին չի հաջողվի խարխլել չին-ռուսական հարաբերությունները»,- հավելել է հիշյալ աղբյուրը։