«Վալլեքս» ընկերությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Ընկերությունը հայտնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Վալեքս» ընկերությունը նաև հայտնում է, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկարաձգել երկու ամսով:
Ներկայացնում ենք «Վալլեքս» ընկերության տարածած պարզաբանումը.
«2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը հայտնի պատճառներով կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումները Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների, աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։
2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ ներառյալ սույն հաղորդագրության տարածման պահը, Ընկերությունը՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին որևէ նոր ծանուցում աշխատողներին չի տվել։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք օբյեկտիվ հանգամանքների առկայությունը, հավատարիմ մնալով ազնիվ գործընկերության սկզբունքներին և խորապես մտահոգ լինելով Ընկերության աշխատողների սոցիալական խնդիրներով՝ «Վալլեքս» խումբը տեղեկացնում է՝ նկատի ունենալով, որ ներկայում Ընկերության ղեկավարությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռևս 3 տարի առաջ սկսած խորը և հանգամանալից ուսումնասիրությունները.
կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ Ալավերդցու, Լոռեցու և Հայաստանի Հանրապետության: