Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրական գծով տնօրեն Նիկոլայ Ֆեոֆանովը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց պղնձաձուլարանի վառարանի գազը վերջնականապես անջատվելու մասին տեղեկությունը:
«Այո՛, գազն անջատել ենք, ֆսյո՛, քանի որ չունենք վառելու համար անհրաժշտ հումքը, հատած ա, ի՞նչ անենք, չեմ կարող նաև ասել, թե մեր աշխատակիցների ճակատագիրն ինչպիսին է լինելու»,-մանրամասնեց գործարանի արտադրական գծով տնօրենը:
Ֆեոֆանովը, սակայն, այլ հարցերի չպատասխանեց, նշելով, որ միայն տեխնիկական գծով կարող է տեղեկություն տրամադրել:
«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն էլ մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այսօր տեղի չի ունենալու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի տնօրեն Վալերի Մեջլումյանի միջև հանդիպումը:
«ՀՀ փոխվարչապետը երեկ պարզապես հեռախոսազրույց է ունեցել մեզ հետ»,-ասաց Մեջլումյանը՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ, պատճառաբանելով, որ շատ զբաղված է և ոչինչ չի կարող հայտնել: Վերջինս խնդրեց զանգահարել գործարանի PR բաժին, սակայն այնտեղից ևս հնարավոր չեղավ հավելյալ տեղեկություն ստանալ:
Արմինե Միքայելյան