Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանի գործունեությունը դադարեցվեց, որի հետևանքով 50 աշխատակից դարձավ գործազուրկ, իսկ 82 սանի մի մասի ճակատագիրը՝ անհայտ:
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գյումրու «Թռչունյան տուն» հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնի տնօրեն Սոնյա Սիմոնյանն ասաց, որ զբաղված է կրթարանի երեխաների անձնական գործերը ծնողներին վերադարձնելով:
Ըստ տնօրենի՝ մեղավորությունը բոլորինն է. «Չէր կարելի երեխաների մի մեծ տուն, որտեղ 81-82 երեխա էր ապրում, մի գրիչի հարվածով քանդել, ասել՝ ֆինանս չկա և վերջ, դա լուծում չէր: Պետք է երեխաների վիճակը տեսնեիք, թե ինչ սթրես են ապրում, չէր կարելի նրանց հոգեբանության հետ խաղալ: Մեր կենտրոնի ֆինանսական բացակայությունը համընկավ կառավարության որոշման հետ, որով նման կառույցները վաղ, թե ուշ փակվելու են: Բայց մենք հույս ունեինք, որ կֆինանսավորվենք գոնե մինչև ուսումնական տարվա վերջ՝ հունիս ամիսը, երեխաներին էլ աստիճանաբար կպատրաստեինք, որ անակնկալի չգային: Մեղկ են, մարդ են, ամեն երեխան մի ողջ աշխարհ է: Թեև իրենց հետ զրուցում եմ, ասում եմ կտեղափոխվեն այլ դպրոցներ, բայց, միևնույն, է շատ դժվար է»,- ասաց Սիմոնյանը:
Նա նշեց՝ մեծ ակնկալիք ունեին, որ հովանավորություն կստանան, որովհետև հուլիս ամսից Մայր Աթոռը, որի հովանավորության տակ էր գտնվում հաստատությունը, աշխատում էր այդ ուղղությամբ. «Պոտենցիալ բարերար կար, որի հետ բանակցում էին: Ո՞նց կարող է Մայր Աթոռը չկարողանար գոնե մինչև ուսումնական տարվա վերջն օգնել, որ երեխաներին ձմեռ օրով չհանեինք դուրս: Նրանք կարիքավոր երեխաներ են, դրա համար էին հայտնվել այստեղ, մի մասն ընդհանրապես չունի բնակարաններ, որոշներն ապրում են տնակներում, ծնողներ կան, որոնք Երևանում են աշխատում ու միայն շաբաթ-կիրակի էին հանդիպում երեխաներին: Իսկ ի՞նչ ենք անում մենք, առանց ընտանիքին հզորացնելու փաստի առաջ ենք կանգնեցրել, որ երեխաներին տանեն: Չէ՞ին կարող հուլիս ամսից ասել, այն ժամանակ երեխաներն համեմատաբար ավելի քիչ էին, աշխատողները 6 ամիս առանց վճարի չէին աշխատի, մարդիկ առանց որևիցե լումայի Նոր տարի են դիմավորել»,- նշեց տնօրենը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մեզ հետ զրույցում խնամքի կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ հաստատությունը ֆինանսավորող բարերարը ամիսներ առաջ դադարեցրել էր օգնություն տրամադրել։ Հաստատությունն էլ՝ 16 միլիոն դրամի պարտք էր կուտակել, երեխաներին սնունդն ու խնամքի համար անհրաժեշտ պարագաներն ապառիկով էին գնել։
Սոնա Հարությունյան