«Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնին օգնություն չտրամադրելու բարերարի որոշումն ու 84 սանի սովի մատնվելու և ցրտահարության ենթարկվելու հարցը մեծ հնչեղություն ստացավ։ Չնայած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը, սակայն իրավիճակը կարծես, թե այնպես չէ ինչպես ներկայացվում է։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գյումրու «Թռչունյան տուն» հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնի  տնօրեն Սոնյա Սիմոնյանն ասաց, որ նախարարությունն այս օրերին ընդամենը ուսումնասիրություններ է իրականացնում հաստատությունում․ «Նախարարության կողմից օգնություն չենք էլ ակնկալում։ Կարծում եմ՝ ֆինանասական օգնություն նախարարությունը չի տրամադրի։ Իրենց այցելության նպատակը լրիվ այլ է․ ճշտել հաստատության գործունեությունը, ինչպիսի երեխաներ են շահառուները, ինչ սոցիալական վիճակի հետևանքով են հայտնվել այստեղ, այսինքն` դա նման է մոնիտորինգի։ Ուսումնասիրում են փաստաթղթերը, շենքը, խոհանոցը, որպեսզի հավանաբար համոզվեն՝ ամեն բան համապատասխանում է նորմերին»,- նշեց Սիմոնյանը։ 

Հետաքրքրվեցինք՝ այս օրերին երեխաների սնունդի հարցն ինչպե՞ս է լուծվել՝ ի պատասխան հաստատության տնօրենն ասաց, որ բարերարներ, կամավորներ, երիտասարդներ են հայտնվել, որոնք մտահոգված են երեխաներով․ «Անհատ բարերարներ են հայտնվել, նրանցից մեկն ԱՄՆ-ից է։ Մեծ քանակությամբ սնունդ են ուղարկել, երեխաները կուշտ են, հավաքված սնունդը մեզ բավականին կօգնի»,- ասաց նա՝ նշելով, որ ճգնաժամային վիճակից որոշ չափով կարողացել են դուրս գալ։ 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում խնամքի կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ հաստատությունը ֆինանսավորող բարերարը 5 ամիս առաջ դադարեցրել է օգնություն տրամադրել։ Հաստատությունն էլ՝ 16 միլիոն դրամի պարտք է կուտակել, երեխաներին սնունդն ու խնամքի համար անհրաժեշտ պարագաներն ապառիկով են գնում։

Նշենք, որ դեռևս 2015թ․ «Թռչունյան տուն» կենտրոնում կատարված դիտարկումները աղմուկ էին բարձրացրել․ արձանագրվել էին երեխաների իրավունքների խախտման մի շարք դեպքեր։ Նշվում էր, որ այստեղ երեխաների նկատմամբ տարբեր պատժամիջոցներ են կիրառում, այդ թվում զրկում են սննդից, երբեմն ծեծում, հիգիենիկ պարագաներ չեն տրամադրում և այսպես շարունակ: Այն ժամանակ հաստատության տնօրեն Սոնա Սիմոնյանն այդ ամենը մանկատան դեմ ուղղված սև PR էր որակում՝ նշելով, որ ավելորդ սենսացիաներ անելով ու վարկաբեկելով իրենց՝ այնպես են անում, որ Գյումրիում 57 աշխատատեղեր փակվեն, երեխաներն էլ զրկվեն դաստիարակվելու հնարավորությունից:

 

Հավանաբար, նկատի ունենալով այս հանգամանքը, նախարարությունն էլ իր հերթին ուսումնասիրություններ է իրականացնում՝ համոզվելու, որ ամեն բան նորմալ է։