ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ' ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերումների կազմակերպմանը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, մթերման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցեր:

Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը երաշխավորված կերպով կմթերվի: Միաժամանակ առաջարկել է ակտիվորեն աշխատել ֆինանսական կառույցների հետ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար, որպեսզի մթերման սեզոնի մեկնարկին վարկերն արդեն հաստատված լինեն, և մթերումների դիմաց վճարումների կատարումն ընթանա սահուն և առանց ուշացումների:

Տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը' նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է վերամշակողներին ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների ցանկը: