Սինայում աղետի ենթարկված ռուսական A321 ինքնաթիռի ինքնագրիչի ձայնագրության վերջին յոթ վայրկյանները կվերծանվեն Եգիպտոսի սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եգիպտական «Ալ Ահրամ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարար Հուսամ Քամալը:

 

«Այդ ձայնը կվերլուծվի հատուկ սարքավորման միջոցով, որը պետությունների մեծ մասում չկա: Ուստի «սև արկղի» ձայնագրության վերջին յոթ վայրկյանները կուղարկվեն ինքնաթիռի արտադրող պետություններից մեկը»,- ասել է նախարարը:

 

Ավելի վաղ աղետի հետաքննության հանձնախումբը հայտնել է, որ ձայնային ինքնագրիչից ստացված տեղեկատվության վերլուծության ժամանակ հայտնաբերվել է կողմնակի աղմուկ, որի բնույթը մինչ այժմ չի որոշվել և այն պարզելու համար կպահանջվի տվյալների հատուկ սպեկտրային վերլուծություն:

 

Ռուսաստանի «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ Էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ 9268 չվերթը, հոկտեմբերի 31-ին աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 217 ուղևորներն ու անձնակազմի յոթ անդամները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: