Ազգային ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՀՀ 2016 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրեց ոլորտի գերակա քաղաքականությունները:
«Դուք խոսում եք միլիարդների մասին, այստեղ միլիարդներ չկան, և եթե պետությունը ունենար հնարավորություններ, որ ամբողջապես ինքը ստանձներ տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի տեղադրումը, ապա կներդներ այդ համակարգը: Համակարգը ներդրվել է մասնավոր համակարգ-պետություն համագործակցության արդյունքում, և այս ոլորտում կան դրական տեղաշարժեր, որովհետև վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տեսանկարահանող սաքերի ներդրման արդյունքում զգալիորեն պակասել են ՃՏՊ-ները»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Անդրադառնալով Ազգային ժողովում ներկայացվող ՃՏՊ-ների վիճակագրությանը և ի պատասխան Կորյուն Նահապետյանի ներկայացրած ցուցանիշների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ դրանք այլ տվյալներ են, որոնք «երևի հեռուստատեսությամբ հայտարարելու համար են», իսկ տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի կերպ չեն նվազեցրել ՃՏՊ-ները:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներկայացվող տվյալներն իրեն տրամադրել է Արդարադատության նախարարությունը, նախարարի կնիքով՝ ի պատասխան իր հարցման:
Ի պատասխան՝ Նահապետյանը նշեց, որ իր տվյալները վերցված են ոստիկանությունից և առաջարկեց Փաշինյանին հանդիպել հանձնաժողովի նիստում, և քննարկել ու հասկանալ, թե որտեղ է անճշտությունը: