Փարիզում իրագործած ահաբեկչական գործողություններից 2 օր հետո «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիրները Թուրքիայի Այնթափ քաղաքում ԻՊ-ի դրոշներով ավտոերթ են անցկացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, համացանցում «Փարիզի կոտորածը տոնող ԻՊ-ի շարասյունը» վերնագրով տեսանյութում ձեռքներին արաբերեն «Քելիմեի թովհիդ» («Միասնական ենք») գրությամբ դրոշներով քաղաքացիներ ավտոմեքենաներով շարասյուն են ստեղծել՝ քաղաքի փողոցներով անցնելով տոնական ազդանշաններ տալով:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը գրել է, որ ԻՊ-ից փախած հրամանատար Սաիդը, որը եղել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի հետախուզության վարչության պետը, պատմել է կառույցի հետ Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների Սիրիա անցումների, թուրքական հետախուզության ԻՊ-ի հետ հարաբերությունների, ԻՊ-ի հետախուզական աղբյուրների մասին:
«Թուրքիայի Քիլիս քաղաքում նույնիսկ երկու մզկիթ կա, որոնցից մեկը «Ալ Քաիդա» գնացողների, մյուսը՝ ԻՊ գնացողների համար է օգտագործվում: Այդ երկու մզկիթում երկու խմբավորումների ներկայացուցիչներ կան, որոնք էլ կազմակերպում են մարտիկների անցումները Սիրիա և Իրաք»,- ասել է նա:
Սաիդը պատմել է, որ իրենք որևէ խնդիր չեն ունեցել թուրքական հետախուզության հետ համագործակցության մեջ:
«Քոբանիի վրա հարձակումներում մենք մեծ թվով վիրավորներ ունեցանք, որոնք բուժման համար թուրքական հետախուզության ջանքերով փոխադրվեցին Թուրքիա: Ավտոմեքենաներում մեր վիրավորների մազերը կտրում ու մորուքները սափրում էին, որպեսզի թուրքական հիվանդանոցներում բժիշկների մոտ կասկածներ չառաջանային: Թուրք-սիրիական սահմանում գտնվող Ալ Ռաի քաղաքում ԻՊ-ի ղեկավարը թուրք հետախույզ է: ԻՊ-ի կազմում թուրքական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ մարդիկ կան»,- ասել է նա: