Թուրքիայում «օրենքով գողերի» հանդիպումների շարք է եղել, որտեղ քննարկվել է քրեական աշխարհում հայտնի Շաքրո Մոլոդոյ անունով 68-ամյա Զախարի Կալաշովի՝ հին վիրավորանքները մոռանալու և միավորվելու նախաձեռնությունը, հայտնում է «Прайм Крайм»-ը։
Հանդիպումները տեղի են ունեցել Անթալիայում և Ստամբուլում, որտեղ դրանց մասնակիցները, որոնք աջակցում են օրենքով գողեր Մերաբ Ջանգվելաձեին և Տարիել Օնիանիին (Տարո), չեզոք եղբայրների ներկայությամբ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Շաքրոյի խաղաղության կոչին' առանց պահանջի և ներողության։ Անձնական օրինակ ծառայելով՝ Տարիելը մեծահոգություն է դրսևորել և գրկել է գողեր Ալֆասոնին և Մելիային։
Փետրվարի 7-ին հաղորդվել էր, որ Կալաշովը, ով, ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի, երկրի հանցավոր աշխարհի առաջնորդն է, ուղերձ է հղել, որում գողական աշխարհում տիրող իրավիճակը անվանել է կոլապս. «Խախտվել են կյանքի բոլոր կարգերը, որոնց համար արյուն են թափել մեր նախնիները։ Չկա ընդհանուր միասնություն»,- իր ուղերձում ասել է «օրենքով գողը»։
Շաքրո Մոլոդոյը գրում է, որ օրենքով գողերի ներկայիս սերունդն ունի գողական գործի շարունակականությունը պահպանելու առաքելությունը։
Ռուսաստանի գլխավոր «օրենքով գողը» նշում է, որ ազատության մեջ եղած ժամանակ փորձել է երկխոսություն հաստատել հանցավոր աշխարհում, սակայն չի հասցրել այս հարցում հաջողության հասնել մինչև վերջ։ «Գուցե ինչ-որ բան բաց եմ թողել: Աչքաթող եմ արել… Ես ինձ չեմ ազատում պատասխանատվությունից և պատրաստ եմ առաջինը բարձրաձայն ներողություն խնդրել բոլոր եղբայրներից», - ասել է Շաքրոն:
Շաքրոն այժմ գրեթե տասը տարվա ազատազրկում է կրում շորթման համար։