Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ, ինչի մասին գրել է Twitter-ի իր էջում:

 

Ամերիկացի դիվանագետը հայտնել է. «Տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական կառավարության կարծիքն իմանալն օգտակար էր: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին»:

 

Օրեր առաջ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման լիարժեք ձեւաչափի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հույն եւ թուրք կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում», -նշել էր Ուորլիքը:

 

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ Twitter-ի իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն էր թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվեց 1994 թ. Բիշքեքում կնքված զինադադարից հետո: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություներն ընթանում են 2007 թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին համակարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբա ղի լիիրավ մասնակցության:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին վերստին այցելել էին Երեւան եւ Բաքու, ինչից հետո հայտարարություն էին տարածել, որում ընդգծել էին, որ մտադիր են շարունակել հակամարտության կարգավորման աշխատանքը եւ այդ նպատակով կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ: