Քուվեյթում առաքելությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպումների շրջանակում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հունիսի 21-ին հանդիպել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Անաս Խալեդ Ալ-Սալեհի հետ: Հաղորդագրության մեջ նշված է. «Ողջունելով հյուրին' Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան համանախագահը, գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ վերջին տարիներին նկատվող գործնական հարաբերությունների ակտիվացումը' հատուկ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը գումարվեց Քուվեյթում' անցած տարեվերջին: Այս համատեքստում նախարար Ալ-Սալեհը հավաստիացրեց, որ քուվեյթական կողմը հավատարիմ է մնում նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների' հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հանձնառությանը: Երկուստեք կարևորվեց հանձնաժողովի երրորդ նիստը հաջորդ տարի Երևանում գումարելու հարցը:
Նախարարը նաև գոհունակությամբ նշեց հայկական արտադրանքի' քուվեյթական շուկայում հայտնվելու փաստը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և սրտագին խոսքերի համար' դեսպան Չարչօղլյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Քուվեյթի ֆինանսների նախարարությանը' աջակցության և սերտ համագործակցության համար:
Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Քուվեյթի Պետության կրթության և բարձրագույն կրթության նախարար Բադր Ալ-Իսսայի հետ:
Դեսպան Չարչoղլյանը շնորհակալություն հայտնեց նախարարին' դեսպանությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար' հատուկ ընդգծելով Հայաստանից ուսանողների համար հավելյալ վեցերորդ տեղի տրամադրումը:
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև կրթական ոլորտում առկա ակտիվ կապերը և համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը: Մասնավորապես առանձնացվեց անցյալ տարեվերջին Քուվեյթում գումարված Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում ստորագրված կրթական ոլորտում համագործակցության գործնական ծրագիրը: Նախարար Ալ-Իսսան հավաստիացրեց, որ Քուվեյթը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունն այս ուղղությամբ»: