ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում: Ինչպես տեղեկացրեցին Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի շուրջ յոթամյա դիվանագիտական գործունեությունը մեր երկրում` նշելով, որ նաեւ նրա աշխատանքի արդյունքն է հայ-չեխական սերտ համագործակցության այսօրվա մակարդակը: Վերջինիս վկայությունն են նաեւ ամենաբարձր մակարդակով իրականացված պարբերական փոխայցերը, առկա երկկողմ իրավապայմանագրային հարուստ հիմքը:
Արարատ Միրզոյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերով: Նշվել է, որ եղած քաղաքական սերտ կապերն անհրաժեշտ է ամրապնդել նաեւ այլ, մասնավորապես` մշակութային ու տնտեսական ոլորտներում ակտիվ գործակցությամբ: Անդրադարձ է եղել հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է Պետր Միկիսկայի ջանքերը` միտված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը` հույս հայտնելով, որ գործընթացի վերջնական ավարտն իրեն երկար սպասեցնել չի տա:
Իր հերթին դեսպանը հավաստիացրել է, որ Չեխիայի Սենատի կողմից համաձայնագրի վավերացումից հետո Պատգամավորների պալատում եւս գործընթացն ընթացքի մեջ է եւ կարելի է ակնկալել, որ վերջնական հաստատումը կկայանա շուտով: Պետր Միկիսկան ներկայացրել է այն աշխատանքը, որ պաշտոնավարման տարիներին իրականացրել է հայ-չեխական կապերի ամրապնդման ուղղությամբ` հավաստիացնելով, որ հետագա գործունեությամբ եւս իր նպաստն է բերելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանից հետո դիվանագիտական գործունեությունը շարունակելու է Վրաստանում` վստահեցնելով, որ առիթը բաց չի թողնելու այցելելու իրեն հոգեհարազատ դարձած Երեւան:
Արարատ Միրզոյանը հաջողություն եւ արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ: