Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նոյեմբերի 22-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալվեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:

Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերի առավել խորացման և ամրապնդման հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Դանիել Պատրիարքը, խոսելով հայ ժողովրդի անցած երկար ուղու և 20-րդ դարի սկզբին կրած տառապանքների մասին, պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես նպաստելու Ռումինիայից ուխտագնացության կազմակերպմանը Հայաստանի քրիստոնեական սրբավայրեր:

Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը, մասնավորապես, ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում' ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը՝ որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը:

Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկություններ հաղորդեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին: