Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, թե սահմանադրական բարեփոխումներն արվում են մեկ կուսակցության իշխանությունն ապահովելու համար: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանը նկատեց' եթե գործող Սահմանադրությամբ կան բոլոր հնարավորությոնւնը իշխանության վերարտադրության համար, ապա առաջարկվող փոփոխություններով ս տեղծվում են առանց ցնցումների իշխանափոխության մեխանիզմներ: «Գործող Սահմանադրության ամենագլխավոր թերությունն այն է, որ այն ապահովում է երկու առաջնային մանդատ' հանրապետության Նախագահ և Խորհրդարան: Այստեղ առկա Է երկու հնարավորություն: Կամ երկու առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, որն այն տարբերակն է, որը միշտ մեզ մոտ եղել է, կամ առաջնային մանդատ ունեցողները տարբեր քաղաքական թիմերի ներկայացուցիչներ են, դա այն է, որը մեզ մոտ երբեք չի եղել, և տա Աստված, որ երբեք էլ չլինի»,- ընդգծեց պատգամավորը:

 

Մանրամասնելով խոսքը' Մինասյանն ընդգծեց, որ երբ այդ առաջնային մանդատները ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, բավականին մեծ լիազորություններ ունեցող Նախագահը և նույնպես մեծ լիազորություններ ունեցող կառավարությունը, որը ձևավորում է հենց Խորհրդարանի մեծամասնությունը, ունենում են տարբեր տեսակետներ երկրի զարգացման տարբեր ուղղությունների վերաբերյալ: «Այս դեպքում շատ հաճախ բերում են ազգային անվտանգության համար առաջ եկող հնարավոր ռիսկերի օրինակը: Նախագահը, որը հանդիսանում է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականությա ն երաշխավորը, չունի ռեսուրսները, որոնք գտնվում են կառավարության ձեռքում, իսկ կառավարությունն ապավինում է այլ առաջնահերթությունների: Սա անվտանգության տեսանկյունից անթույլատրելի ճոխություն է մեր երկրի համար: Բայց այնպես չէ, որ այն տարբերակը, որը մեզ մոտ միշտ եղել է, լավն է, որովհետև այս դեպքում էլ մենք միշտ ունեցել ենք իշխանության գերկենտրոնացում:

 

Այսինքն, այս դեպքում իշխանության երեք ճյուղերը' Նախագահը, Ազգային ժողովը և կառավարությունը ստեղծում են «բետոնացված» մի իշխանություն, որի դեպքում հնարավոր չէ առանց ցնցումների իշխանափոխություն իրականացնել»,- նշեց Մինասյանը' հավելելով, որ սա կանխում է զարգացումներ ապահովելու հնարավորությունները:

 

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ առաջարկվող բարեփոխումներով ապահովվում է անցնցում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ վերանում է մեծամասնական ընտրակարագը, իսկ համամասնական ընտրակագով իշխանությանը երբեք չի հաջողվել մեծամասնություն ապահովել խորհրդարանում: «Սա տանելու է ոչ թե որևէ կուսակցության դոմինանտ դերի ապահովմանը, այլ ճիշտ հակառակը' կոալիցիաների և քաղաքակիրթ երկրներին բնորոշ կուսակցական համակարգի ձևավորման»,- եզրափակեց պատգամավորը: