Ադրբեջանի ԱԳՆ-ն գերմանական Die Welt թերթի լրագրող Վոն Էլին Էնրենռեյխի անունը մտցրել է «առանց Բաքվի թույլտվության» Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելողների տխրահռչակ «սեւ ցուցակ»-ի մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւին:
Գերմանացի լրագրողը տուրիստական Gebeko ընկերության աջակցությամբ օրերս այցելել էր ԼՂՀ եւ Die Welt հեղինակավոր թերթում հոդված հրապարակել Արցախի հրաշք բնության, բնակիչների աննախադեպ հյուրասիրության, 1923 թվականին կոմունիստական բռնապետական ռեժիմի կողմից Ադրբեջանին նվիրված Արցախի ժողովրդի' Բաքվի սանձազերծած արյունալի էթնիկ զտումներից ազատագրական պատերազմի, ազատ ապրելու համար արցախցիների անկոտրում կամքի մասին:
Բաքվին դուր չի եկել ԼՂՀ-ի ճշմարտությունների մասին գերմանացի լրագրողի հոդվածը եւ այդ երկրի ԱԳՆ-ն որոշել է «սեւ ցուցակի» մեջ ընդգրկել արցախցիների արդարության եւ ազատության մասին գրած իր հերթական «զոհի» անունը:
Ներկայում Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2013 թվականին ստեղծված այդ «սեւ ցուցակում» ընդգրկված են 49 երկրներից 502 մարդու անուն, որոնք Բաքվի «սպառնալիքներին» հակառակ այցելել են ԼՂՀ եւ «անցանկալի անձ» հայտարարվել Ադրբեջանում: Չնայած դրան, արտասահմանյան երկրների քաղաքացիների' պատգամավորների, լրագրողների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, գիտնականների եւ մշակույթի գործիչների այցերը ԼՂՀ գնալով ավելի շատանում է:
ԼՂՀ-ը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին: 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂ կարգավիճակի մասին հանրաքվեում մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկել է հանրապետության անկախության օգտին, որից հետո այն հայտարարվել է անկախ պետություն: 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել միջազգային եւ միջպետական ցանկացած փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նշումը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի լինելու մասին: ՍՍՀՄ փլուզվելու ընթացքում նախկին Ադրբեջանի ՍՍՀ սահմաններում ստեղծվել են երկու անկախ հանրապետութ յուններ' Ադրբեջանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթւյուն:
Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով երկու երկրների միջեւ մինչ այժմ որոշված չէ միջպետական սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը: