Նոյեմբերի 20-ից 21-ը Պրահայում անցկացվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների 44-րդ համաժողովը, որին մասնակցել են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Պատվիրակները երկու օրվա ընթացքում ամփոփել են մեկ տարվա աշխատանքները, լսել հաշվետվություն Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերի մասին, ինչպես նաև անցկացրել են եվրոպական տարբեր մակարդակի խաղերի անցկացման քվեարկություններ։

 

Մասնավորապես որոշվել է նաև, թե հաջորդ տարի որտեղ պետք է անցկացվի Եվրոպական օլիմպիական կոմիտեների 45-րդ վեհաժողովը։ Նախապես դրված էին Երևանի և Մինսկի թեկնածությունները։ Սակայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կարևորելով եվրոպական օլիմպիական ընտանիքի համերաշխությունը, նշեց, որ հաշվի առնելով, որ մյուս տարի պետք է նշվի Բելառուսի օլիմպիական կոմիտեի 25-ամյակը, և նաև նկատի ունենալով իր ջերմ հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, հանեց Հայաստանի թեկնածությունը հօգուտ Բելառուսի։ Հայաստանի այս քայլը բարձր գնահատեցին ոչ միայն Բելառուսի ներկայացուցիչները, այլև Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։ Նրա խոսքով Հայաստանը մեծ քայլ արեց եվրոպական օլիմպիական ընտանիքի միավորման ուղղությամբ։

 

Գնահատելով Եվրոպական օլիմպիական կոմիտեում Հայաստանի մասնակցությունը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է.


«Մեր հարաբերությունները օլիմպիական ընտանիքի հետ շատ ջերմ են։ Ամեն տարի հավաքվում ենք և քննարկում տարբեր հարցեր։ Ներկաներից շատերն են եղել Հայաստանում, տեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում սպորտի զարգացման ասպարեզում»:

 

Վեհաժողովի երկու օրերին Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր երկրների ազգային կոմիտեների ղեկավարների հետ, քննարկել համագործակցության հարցեր.

 

«Իտալիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների հետ քննարկել ենք, որպեսզի մարզիկների փոխանակում կատարենք, մեր մարզիկները գնան իրենց մոտ փորձի ձեռք բերման, իրենց մոտից մեզ մոտ գան մարզումների այն մարզաձեւերի գծով, որոնցում մենք ենք փորձառու։ Այդ իմաստով 2015-ին Երեւանում բացված օլիմպիական ավանն ունի բարձրակարգ հնարավորություններ»,- ասել է Ծառուկյանը։

 

Ի՞նչ են տալիս նման միջոցառումները Հայաստանին հարցին, նա պատասխանել է.

 

«Այս միջոցառումները ամեն մի երկրին տալիս են ճանաչում և հեղինակություն։ Եթե մենք կարողանանք լավ պայմաններ ստեղծել, ապա մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, հյուրասիրությունը շատ կգնահատվի օտարների կողմից։ Միակ բացն այն է, որ Հայաստանի մասին շատ քիչ գիտեն»։

 

Ապագա ծրագրերի մասին.

 

«Բոլոր համայնքներում պետք է լիենեն մարզադպրոցներ, որ մենք կարողանանք ավելի տաղանդավորներին ընտրել և ուղարկել միջազգային մրցաշարարերի, այնպիսիներին, ովքեր Հայաստանի պատիվը կկարողանան բարձր պահել միջազգային մրցաշարերում և մրցումներում հաղթող ճանաչվեն»։