«Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները պայքարում են սոմալիական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների վրա ազդեցություն ձեռք բերելու համար, գրում է The Telegraph-ը:
Նշվում է, որ ԻՊ-ի զինյալները բազմիցս տեսաուղերձներ են հղել «Աշ-Շաբաբ» խմբավորմանը, որում կոչ են արել միանալ իրենց, ու պատմել են, թե ինչպես են երիտասարդ սոմալեցիները կռվում ԻՊ-ի շարքերում: Ջանքերն անարդյունք չեն անցել և վերջերս «Աշ-Շաբաբի» երկու ավագ հրամանատար հայտարարել է գլոբալ ահաբեկչական ցանցին իր հավատարմության մասին: Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի կարծիքով՝ դա վկայում է, որ սոմալիական խմբավորումը «ճանապարհից շեղվել է»: Նախագահը գրոհայիններին կոչ է արել օգտվել կառավարական համաներումից:
Ինչ վերաբերում է ԻՊ-ի իսլամիստներին, ապա նրանց համար «Աշ-Շաբաաբի» նկատմամբ վերահսկողություն սահմանելը կնշանակի առավելություն ստանալ «Ալ-Քաիդայի» նկատմամբ, ասում են փորձագետները:
Նրանք հավելում են, որ այս տարվա գարնանն ԻՊ-ն արդեն կարողացել է իր կողմը քաշել նիգերիական «Բոկո Հարամ» խմբավորումը: Սակայն «Աշ-Շաբաբի» հիմնական առաջնորդներն ասել են, որ «չեն ուզում պոկվել» «Ալ-Քաիդայից», որովհետև վերջինս իրենց ֆինանսավորում է տրամադրում: Նրանք համարում են, որ ԻՊ-ի հետ միությունն իրենց կշեղի ներքին ազգայնական նպատակներից:
Որոշ փորձագետներ կարծում են, որ ԻՊ-ի մրցակցությունն «Ալ-Քաիդայի» հետ կարող է արագացնել Սոմալիում «ներքին ահաբեկչության» ոչնչացումը։