«Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
 
«Ակնհայտ է, որ Հայաստանի հարավում՝ ի դեմս Իրանի, բարեկամ և եղբայրական ժողովրդի ու պետության գոյությունը, ըստ էության, ի չիք է դարձնում Հայաստանի լիակատար շրջափակմանը միտված Բաքվի բռնապետի թշնամական ռազմավարության մի խոշոր հատված, ուստի Իրանում ադրբեջանական քաղաքական, տնտեսական և տեղեկատվական-քարոզչական ներկայության աճին հենց հակահայկական նկատառումներով Բաքվում տրվում է զգալի կարևորություն։
 
Այս համատեքստում, ոչ միայն չի բացառվում, այլ նաև կանխատեսելի է, որ մենք հնարավոր է ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների։
 
Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու այս ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ առավելություններ և իրողություններ, որոնք չկան Ադրբեջանի պարագայում, և մենք հասնելու ենք ղրան՝ ի հեճուկս նաև այն շրջանակների, որոնք գիտակցաբար, թե կարճամտությամբ փաստացիորեն ջուր են լցնում թշնամական քարոզչության ջրաղացին»,-գրել է նա։