Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի ձերբակալության շուրջ աղմուկը շարունակում է աճել: Թուրքիայի ներսում նոյեմբերի 27-ից սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողներին: Չի ուշացել նաև խնդրի վերաբերյալ միջազգային հանրության բացասական գնահատականը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելվ թուրքական «Հուրիեթ» պարբերականը, մեծ թվով լրագրողներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքացիներ նոյեմբերի 27-ին հավաքվել են Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղակայված պարբերականի շենքի մոտ: Նրանք ձեռքերում պահել են լրագրողների լուսանկարները և բղավել են. «Ազատ մամուլը չի կարող լռեցվել»: Անկարայում տեղի ունցած բողոքի ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որից տուժած քեմալական Հանրապետական ժողովրդ ական կուսակցության պատգամավոր Լևենթ Գյոքը տեղափոխվել է հիվանդանոց: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Իզմիրում և Անթալիայում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անընդունելի է համարել այն փաստը, որ լրագրողները պետք է հայտնվեն բանտում իշխանությունների համար վտանգավոր թեմաների արծարծման պատճառով:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջիմ Բումելհան պահանջել է թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել Դյունդարին և Գյուլին' հանելով նրանց դեմ առաջադրված մեղադրանքները:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Instagram-ի իր միկրոբլոգում սև քառանկյուն է տեղադրել լուսանկարի փոխարեն' գրելով. «Խորապես անհանգստացած եմ Թուրքիայում անկախ մեդիայի ձայների հերթական լռեցման առնչությամբ»:
Իսկ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք բավականին մտահոգ ենք Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության և հերթական լրատվամիջոցի նկատմամբ կիրառվող բռնության առնչությամբ: Հուսով ենք, որ թուրքական դատարանը և իշխանությունները երկրի Սահմանադրությամբ նախատեսվող մամուլի ազատության հիմնարար սկզբունքը երաշխիքի տակ կառնեն»:
Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քաթի Փիրին նշել է, որ այս ձերբակալությունները ցույց են տալիս, որ երկրում մամուլի ազատությունը ծանր ճնշման տակ է: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ այս հարցը կբարձրացվի:
«Եթե ձերբակալվում են ոչ թե հանցանքը գործողները, այլ այդ մասին լրատվություն հաղորդողները, ապա թող ոչ ոք չասի, որ Թուրքիայում ազատ մամուլ կա, իսկ դատական համակարգն էլ արդար է և անկախ»,- ասել է քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Թուրքիայում ձերբակալել են «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութի համար: Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը ներգրավվածության և լրտեսության համար: