ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները պարտիական միջոցառումներ են հիշեցնում' այդ բառիս բուն իմաստով: Փակ հանդիպումներին մասնակցում են մեծամասամբ ՀՀԿ-ականները' դպրոցների, մանկապարտեզների կոլեկտիվներ, որոնք ներս են մտնում հատուկ ցուցակներով և անձնագրերով: Թվում է' տարածքների ՀՀԿ պատասխանատուները մրցում են իրար հետ, թե ով ավելի բարձր ծափերով ու մեծ ոգևորությամբ կընդունի Սերժ Սարգսյանին:
Երեկ, օրինակ, Էրեբունի համայնքի հանդիպմանը մտնում էին դպրոցների և մանկապարտեզների կոլեկտիվները ցուցակներով' հիմնականում ՀՀԿ-ականներ, օրինակ' ներկա էին 71 մանկապարտեզի ու 107 դպրոցի անձնակազմերը և այլն: Այնտեղ էր Էրեբունու վարչական շրջանի ամբողջ աշխատակազմը: Աշխատակազմի ղեկավարն անձամբ էր կառավարում «ներս թողնելու օպերացիան»: Թաղապետի պաշտոնակատար Ալեք Խաչատրյանը զբաղված էր մարդկանց տեղավորելով:
Էրեբունի համայնքի բնակիչ, դեղագետ Արև Խաչատրյանին երեկ այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել և ներկա գտնվել հանդիպմանը' պատճառաբանելով, թե իր անունը ցուցակում չկա, դահլիճում էլ տեղ չկա իր համար. «Ես հանդիպում եմ ուզում, հարց ունեմ, նամակ ունեմ փոխանցելու»,- մուտքի մոտ համոզում էր կինը: «Ես կուսակցական չեմ, ուզում եմ էդ մարդուն ընտրեմ, բայց ես ուզում եմ լսեմ իրան, որ ընտրեմ, դա հնարավոր չի՞»,- հարց ուղղեց կազմակերպիչներին: Կազմակերպիչներն անդրդվելի մնացին ու հետ ուղարկեցին թեկնածուի հետ հանդիպման եկած կնոջը: Կինը հեռացավ տարածքի մոտ կայանված գերթանկարժեք մեքենաների միջով, որոնց տերերը եկել էին իրեն ու իր նմաններին ապահով Հայաստան խոստանալու, սակայն ՀՀԿ թեկնածուին լսելու և հարցեր ուղղելու հնարավորություն ունեին միայն ցուցակագրվածները:
Երեկվա հանդիպմանը եկել էին նաև շուո-բիզնեսի ու սերիալների կարկառուն ներկայացուցիչներ, օրինակ' երգչուհի Աիդա Սարգսյանը, ով նաև երգում է քարոզարշավի ժամանակ: Իսկ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը' Էրեբունու նախկին թաղապետ, ներկա պատգամավոր Մհեր Սեդրակյանի' Թոխմախի Մհերի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, եկավ մեկ ժամ ուշացումով: Այդ ընթացքում դահլիճում նստածները հասցրեցին սառչել, քանի որ բոլորին ստիպել էին վերարկուները հանել և նոր մտնել դահլիճ, որն այդպես էլ լավ չէր տաքացել:
Սերժ Սարգսյանին դիմավորեցին հոտնկայս ու միահամուռ ծափահարություններով: Մհեր Սեդրակյանը, ով այդպես էլ չի ներկայանում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստին' պատասխանելու, թե ինչու է սպառնացել «պոկել լրագրողի ծնոտը», գոհ հայացքով հետևում էր:
Սերժ Սարգսյանը երեկ ոչ միայն ապահով, այլև լուսավոր Հայաստան խոստացավ էրեբունցիներին և խուսափեց կրկնել, թե 150 հազար դրամով Հայաստանում ոչ ոք չի ուզում աշխատել: Թերևս ՀՀԿ թեկնածուն հասկացել է, որ Հայաստանում նման բան չի կարող լինել:
«Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում»,- մշակույթի ներկայի և ապագայի առթիվ հարցին ի պատասխան հայտարարեց Սերժ Սարգսյանը' հավելելով, թե սերիալում նկարահանվելով դերասանները պետք է սովորեն: Թերևս հարկ է նկատել, որ սովորում են հատուկ ստուդիաներում, ոչ թե հեռուստաէկրաններին, դիտողի նյարդերի հաշվին: Նրա խոսքերով, «Գարեգին Նժդեհը» «շատ հաջողված ֆիլմ է», և «դա արդյունք է նրա, որ դերասանները բազմաթիվ անգամ սերիալներում դերակատարություն են ունեցել»: Հարց հնչեցնողը, ով նույնպես դերասան էր, չհամաձայնեց, որ ֆիլմը հաջողված է:
ՀՀԿ թեկնածուին սուր կամ հակադարձող հարցեր չեղան. հավաքվածները գիտեին, որ իրենք հիմնականում հանդիպման լսարան ապահովելու համար են այդտեղ: Հարցերը մեծամասամբ կրթության ոլորտից էին, քանի որ կրթության համակարգի աշխատակիցներն էին այնտեղ հիմնականում: Ընդ որում' Մհեր Սեդրակյանը երեկ հայացքով ֆիքսում էր յուրաքանչյուր հարց տվողին:
Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի