ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հրազդանցիների հետ հանդիպմանը խոստացավ թե՛ ժողովրդին և թե՛ հաջորդ նախագահին հանձնել բոլորվին այլ Հայաստան։
«Համոզված եղեք, որ 2018-ին Հայաստանի հաջորդ նախագահին և ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով, և դա լինելու է ապահով Հայաստանը։ Ես դա համարում եմ իմ պարտքը»,- Հրազդանի հրապարակում հավաքվածներին հայտարարեց նա։
Նախագահը հավատացրեց, որ կան զարգացման լուրջ հնարավորություններ։ «Ես եկել եմ ձեզ կոչ անելու, որպեսզի ապահով Հայաստանի կառուցման պատիվը և բեռը կրենք միասին»,- շարունակեց նա։
Ըստ նախագահի՝ Հայաստանում չկան երկրորդական ոլորտներ, որովհետև, նրա խոսքով՝ երկրի բոլոր խնդիրները փոխկապակցված են։
«Չի կարող լինել տնտեսություն առանց քաղաքական ազատության, սոցիալական արդարության, առանց տնտեսության։ Գիտական տնտեսություն՝ առանց որակյալ տնտեսության»,- նշեց նա և ավելացրեց, որ պարտադրված ազատություն, որպես այդպիսին, գոյություն չունի։
«Ազատ է այն քաղաքացին, ով ընդունում է օրենքի գերակայությունը։ Շատ դեպքերում, ինչպես շատ երկրներում, մեր երկրում նույնպես, ոմանց թվում է՝ ազատությունը դա կատակ է, և նրանք իրենց գործունեությամբ, իրենց վարքով կարող են սահմանափակել ուրիշների ազատությունը։ Իսկ եթե դա չի հաջողվում, ասում են ապրում ենք անազատ երկրում։ Ո՛չ, նորից եմ կրկնում, ազատ քաղաքացին դա այն քաղաքացին է, ով ընդունում է իրավունքի հիման վրա եղած օրենքի գերակայությունը»,- ասաց նա։
Նախագահը նշեց, որ միասին հնարավոր է հասնել ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուրի երազած Հայաստանին։
«Երբեք չմտածեք, որ Հայաստանի զարգացումը կախված է միայն ու միայն պետական կառույցների գործունեությունից, և նախագահից կամ Կառավարությունից։ Մեր երկիրը կարող է դառնալ ապահով, բարեկեցիկ և բարեկարգ միայն մեր քաղաքացիների ակտիվ համագործակցությամբ»,- ասաց նա և ավելացրեց, որ անլուծելի խնդիրներ չկան։