Ռուսաստանի Դաշնության լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայի նիստում առաջարկել է տոնել թուրքական նավատորմի ջախջախումը Սինոպում, ինչով ռուսաստանցիները կհիշեն ռուս-թուրքական պատերազմներում հաղթանակները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Life News-ը: «Ռուսաստանում ներկայիս պայմաններում հարկ է տոնել Սինոպի ճակատամարտի հերթական տարելիցը, երբ փոխծովակալ Պավել Նախիմովը Սևաստոպոլից 300 կմ հեռավորության վրա ջախջախեց թուրքական նավատորմը»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա խոսքով' այդ կերպ և Նախիմովի մեծ ճակատամարտի մասին ֆիլմից հատվածներ ցուցադրելով պետք է բարձրացնել ռուսաստանցիների տրամադրությունը և հիշեցնել նրանց, թե ինչպես են ռուսաստանցիները բոլոր 12 պատերազմներում ջախջախել թուրքերին:
Ժիրինովսկին Պետդումայում նշել է, որ այժմ Թուրքիան մանրամասն ստուգման համար սկսել է հետաձգել Բոսֆորի նեղուցով անցնող ռուսաստանյան նավերը:
«Մենք պետք է նրանց հիշեցնենք, որ ՍՍՀՄ-ի ծաղկման շրջանում թուրքերը նեղուցը մեզ համար փակելու մասին նման հայտարարություն էին արել: Մեր այն ժամանակվա արտգործնախարար Գրոմիկոն հայտարարել էր, որ Միջերկարական ծով դուրս գալու համար ռուսաստանյան նավերին անհրաժեշտ կլինի հրթիռների ընդամենը մի քանի համազարկ: Դրա արդյունքում ի հայտ կգան ևս երկու անցում Միջերկրական ծով: Բայց, ցավոք, արդեն Ստամբուլը չի լինի: Այդ խոսքերից հետո Թուրքիան այլևս երբեք չէր բարձրացրել ՍՍՀՄ-ի ռազմական նավերի համար Բոսֆորը փակելու մասին հարցը»,- ասել է նա, և առաջարկել ՌԴ ՆԳՆ-ին հանդես գալ նման հայտարարությամբ:
Դեկտեմբերի 1-ը Ռուսաստանի ռազմական փառքի օրն է' փոխծովակալ Պավել Նախիմովի հրամանատարությամբ ռուսական նավատորմի թուրքական նավատորմի նկատմամբ Սինոպի հրվանդանի մոտ տարած հաղթանակի օրը: Սինոպյան ճակատամարտը պատմության մեջ է մտել որպես առագաստային նավատորմերի վերջին խոշոր ճակատամարտ: Այն տեղի է ունեցել Թուրքիայի սևծովյան ափին մոտ 1853 թվականի նոյեմբերի 18-ին' հին տոմարով և 30-ին' նոր տոմարով: Ռուսաստանի սևծովյան ռազմածովային տորմիղը մի քանի ժամում ջախջախել էր թուրքական նավատորմին: