Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:
Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու օպերատիվ կերպով ձերբակալել նրան:
Նախնական տեղեկություններով ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: