Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը:

Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է հետապնդել սահմանախախտներին և ձերբակալել նրանց: Ձերբակալման ընթացքում սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն սահմանապահները կարողացել են չեզոքացնել նրանց:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու նպատակները: