Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը դեկտեմբերի 2-ին չի կարողացել ձեռնամուխ լինել գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խարդախության էպիզոդի գծով քրեական գործի քննությանը՝ կապված դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզնեստևի մորից 700 հազար դոլար ստանալու հետ: Դատական նիստը հետաձգվել է դեկտեմբերի 9-ին այն բանի կապակցությամբ, որ մեղադրյալը հոսպիտա լացման պատճառով չի ներկայացել դատարան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Հայրապետյանի փաստաբանի խոսքով՝ նա 31-րդ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել մի շարք ծանր հիվանդությունների պատճառով: Ինչպես պարզաբանել է դատապաշտպանը, ձեռնարկատերը հոսպիտալացվել է նոյեմբերի 30-ին և հիվանդանոցում կգտնվի առնվազն տասն օր:

 

Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ:

 

Հետաքննության տվյալներով, 2010 թվականի հունիսից մինչև օգոստոս Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ «խաբեության և վստահության չարաշահման ճանապարհով մոլորության մեջ է գցել Մոսկվայի մի բնակչուհու՝ խոստանալով դրամական վարձատրման դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի»: Դրա դիմաց Հայրապետյանը նրանից դրամական միջոցներ է ստացել 700 հազար դոլարի չափով: Իրականում Հայրապետյանը հնարավորություններ չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:

 

Անտոնովը թաքնվել է հետաքննության մարմիններից, նրա նկատմամբ քրեական գործի քննությունը շարունակվում է: