Գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմանյան դատարան՝ մասնակցելու իր տնային կալանքի ժամկետի երկարացման շուրջ նիստին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, դատարանում հայտնի է դարձել, որ նա գտնվում է հիվանդանոցում: Դատապաշտպանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել է միզապարկի քաղցկեղ ախտորոշմամբ: Այդ հիվանդությունը, փաստաբանի պնդմամբ, այն հիվանդությունների ցանկում է, որոնք արգելում են մեղադրյալի գտնվելը հետաքննչական մեկուսարանում:

 

Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բացարկ է հայտարարել Մոսկվայի Բասմանյան դատարանի դատավոր Արթուր Կարպովին:

 

Փաստաբանների կարծիքով՝ դատավորն ավելի վաղ անօրինական որոշումներ է կայացրել՝ կապված նրա կողմից Հայրապետյանի առողջական վիճակի անտեսման հետ: Բացի այդ, դատապաշտպանն այն կարծիքին է, որ դատավորը մեղադրական միտում է դրսևորել՝ խախտելով կողմերի մրցակցության սկզբունքը:

 

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների և դրամական միջոցների լվացման մեջ:

 

65-ամյա ձեռնարկատերը հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Հետաքննությունը պնդում է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտի» բաժնետոմսերը «Սիստեմայի» կառույցներին վաճառելուն:

 

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը և մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: