Այսօր Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հայտնի բանդայի գործով դատավարությունը, որին չէր ներկայացել նաև մեղադրյալներից Վահան Շիրխանյանը: Դատավարությունից հետո նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանը դատավարությանը չի ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով:

 

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը համառորեն պնդում է, թե Վահան Շիրխանյանն առողջական խնդիրներ չունի, սակայն նրա հարազատներն ու փաստաբանները հակառակ տեսակետն են հայտնում:

 

«Վահան Շիրխանյանը ոտքի վրա կագնել չի կարողանում, ուղղակի չի կարողանում, իսկ նստած դիրքով 15-20 րոպեից ավել չի կարողանում մնալ: Նա ունի ուժեղ ցավեր»,- մանրամասնեց փաստաբանը;

 

Ի դեպ՝ նշենք, որ այսօրվա նիստը ևս հետաձգվեց, քանի որ Վահան Շիրխանյանը չէր ներկայացել դատավարությանը:

 

Այս կապակցությամբ՝ փաստաբանը նշեց, որ դա չէր միակ պատճառը. դատավարությունը սկսել էր գրեթե մեկ ժամ ուշացումով:

 

«Եթե նիստը 12.30-ին չի սկսվում, ապա որևէ մեկը պարտավոր չէ ներկայանալ: Եվ նա, ով ժամը 13.30-ին սկսում ու հետաձգում է նիստը ինչ-որ մեկի չներկայանալու պատճառով, ապա ինքը պետք է մտահոգվեր նաև նրանով, որ պետք է դատավարությունը սկսել ճիշտ ժամանակին, որից հետո միայն՝ ով դատավարությանը չի ներկայացել: Վահան Շիրխանյանը չի կարող ներկայանալ կամ չներկայանալ սեփական ցանկությամբ: Նա չի կարողանում ոտքի վրա կանգնել և նրանք պետք է բերեն այստեղ: Վերջին երկու ամսվա ընթացքում, երբ հանդիպել եմ նրա հետ, նա չի կարողացել 20 րոպեից ավել ինձ հետ զրուցել: Եվ եթե բերեն նրան այստեղ, պետք է խոնավ խցում ժամերով սպասի, իսկ նրա առոջղությունը դա թույլ չի տալիս: Բացի դա՝ իր վերաբերյալ դատական նիստին առանց նրա դատավարություն ընթանալ չի կարող, իսկ եթե պատգարակով կբերեն, ամեն ինչ նորմալ է»,- ասաց փաստաբանը:

 

Հարցին՝ դուք միջնորդություն ներկայացնելո՞ւ եք, որպեսզի նրան պատգարակով բերեն գոնե նիստերի դահլիճ, փաստաբանը նշեց, որ քիչ թե շատ տրամաբանող մարդը պետք է ինքը հասկանա դա, ոչ թե միջնորդության սպասի: «Եթե զգամ, որ այս մարդիկ դա չեն հասկանում, ուրեմն՝ դա էլ կմիջնորդեմ: Ես խափանման միջոցի հետ կապված մի քանի միջնորդություն եմ արել, բայց քար լռություն է»,- հավելեց նա:

 

Անդրադառնալով իր կողմից արված հայտարարությանը, թե դատավարության ընթացքում կներկայացնի որոշակի փաստեր ու նոր բացահայտումներ, փաստաբանը նշեց, որ ինքն ասել է, որ ոչ թե փաստեր կներկայացնի, այլ՝ նախաքննության թերությունների վերաբերյալ մի քանի դիտարկումներ: «Նախաքննության թերությունների համար կա նախատեսված դատավարություն: Երբ որ ինձանից հարցնում էին այդ մասին, ես ասել եմ, որ ամեն ինչ դատավարության ժամանակ պարզ կդառնա: Դա ոչ թե ինչ-որ ամպագորգոռ հայտարարություն էր, այլ ես ասել եմ, որ հաջորդ դատավարությունը լինելու է մասնագիտական առումներով հագեցած դատավարական վեճ»:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ եթե հաջորդ դատական նիստին Վահան Շիրխանյանի ներկայությունը կրկին չապահովվի, ինքն ինչ պետք անի, Հ. Ալումյանը պատասխանեց, որ եթե հաջորդ դատական նիստին էլ Շիրխանյանին չբերեն, դատական նիստը չի կայանալու: «Անկախ նրանից՝ ով կգա, չի գա, դատական նիստը չի կայանա»,-եզրափակեց նա:

 

 Արմինե Եփրեմյան