Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ երեկ նրան հետազոտության են տարել թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որից հետո որոշում է կայացվել տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը չի բարելավվել. «Երկու տարբեր պրոֆիլի բուժումներ է անցնում՝ նյարդաբանական և անոթաբանական»,- ասաց փաստաբանն՝ ավելացնելով, որ Շիրխանյանը հիվանդանոցում կմնա այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի այդ վիճակից դուրս բերել:
Նշենք, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, որի պատճառով չի կարողանում մասնակցել դատական նիստերին:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
Սոնա Հարությունյան