Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ երեք օր առաջ է տեսակցել Վահան Շիրխանյանին, ով գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի մեկուսարանում, և ցնցվել:
Ալումյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանն այս 11 ամիսների ընթացքում, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց արդյունքը եղել է այն, որ նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Իր խցից տեսակցությունների սրահ հասնելու համար, նրան պետք է մի ձեռնափայտ եւ մի աշխատող, որպեսզի օգնի նրան:
Փաստաբանը լրագրողներին փոխանցեց նաև այն, որ առողջական վիճակից առաջացած անհարմարություններից ելնելով Շիրխանյանը չի կարողացել երեք ամիս լոգանք ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքև եւ կանգնի ցնցուցի տակ, ինչն ի վիճակի չէ անել:
Ալումյանն ահազանգում է՝ այսպես շարունակվելու դեպքում Շիրխանյանը կարող է ողջ չմնալ և չհասնել անգամ իր դատին:
«Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի իրականացման համար օրենսդրական որեւէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Իրենք վախենում էին, որ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է Շիրխանյանը, որովհետեւ ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են»:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է «Նորք-Մարաշի» գործով: