Ռուսական ինքնաթիռի միջադեպի արդյունքում միջազգային սկանդալում հայտնվելը, կարծես թե Թուրքիային ձեռք է տալիս, որովհետև թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, թե՛ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին օրերի հայտարարություններն այդ են ցույց տալիս: Թուրքիան հակված չէ մեղմացնել իրավիճակը, ավելին՝ ձգտում է սրել: Թե ում վրա է Թուրքիան դրել իր հույսը՝ կարելի է գուշակել, եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն արդեն առաջարկել է ամրապնդել Թուրքիայի պաշտպանությունը՝ նշելով, որ Մեծ Բրիտանիան և Դանիան իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ հարցում:

 

 

Հավանաբար այսպիսի աջակցության հեռանկարից ոգևորված և ոգևորությունից մոռանալով, թե իրականում երկրում քրդական ակտիվության պատճառով ինչպիսի պայթյունավտանգ իրադրություն է՝ Ահմեդ Դավութօղլուն իր հարցազրույցներից մեկում հերթական անզգույշ հայտարարությունն է արել՝ ասելով, թե «Ռուսաստանը մտնելով Սիրիայի տարածք և իմանալով՝ որքան կարևոր է դա Թուրքիայի համար, հաշվի չի առել թուրքական նախազգուշացումները»: Այսպիսի հայտարարությամբ Դավութօղլուն ևս մեկ անգամ մատնում է ոչ միայն Թուրքիա-ԻԼԻՊ համագործակցությունը, որը արդեն կասկած էլ չի հարուցում, այլ նաև այն, որ ՍՈՒ-24-ի խոցումը պատահականություն չի եղել, այն եղել է միտումնավոր և ծրագրված:

 

 

Թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը՝ կարծում եմ, շուտով կիմանանք, բայց որ Թուրքիան իր ղեկավարների անխոհեմության արդյունքում արդեն աշխարհի մի մասում ընկալվում է որպես ահաբեկչական երկիր, դա այլևս իրենք՝ թուրքերն էլ դժվար կարողանան հերքել, և դա չի կարող Թուրքիայի համար իր բացասական ազդեցությունը չունենալ:

 

 

Մի բան ևս ակնհայտ է՝ որքան Թուրքիայի իշխանությունները սրում են իրավիճակը Ռուսաստանի հետ, այնքան ավելի են մեծացնում Ռուսաստանի կողմից քրդերին աջակցելու հավանականությունը, իսկ դրա վտանգները Թուրքիայի համար կարող են անդառնալի լինել:

 

 

Կարեն Վարդանյան