Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր: Կիրառվել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն' հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Հատկանշական է, որ ի հակառակ հայկական կողմի' ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների և ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը համապետական նշանակության ժողովրդավարական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, ինչպես նաև միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ու ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: