««asparez.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Հանրաքվեի լրահոսը ըստ «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/11 տեղամասից հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, այդ թվում՝ Մկրտիչ Կարապետյանին՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք պատշաճ ներկայացել և գրանցվել են հանձնաժաղովում: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ այդտեղ ԶԼՄ-ի ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են հավատարմագրվել նախագահականում:

 

10/09 տեղամասում՝ Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում, ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել-բերել տեղամաս՝ քվեարկելու. «քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել այդ անձին:

 

10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադոյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին՝ չնայած այն բանին, որ վերջինս պատշաճ ներկայացրել է վկայականը:

 

36/39 տեղամասից /Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք/ ահազանգ է ստացվել, որ հանձնաժողովի նախագահ Արփինե Խաչատրյանը հրաժարվել է գրանցել «Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին:

 

ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու համար:

 

«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 10/20 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին:

 

«Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցչին 36/39 տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից չգրանցելու հանգամանքների ստուգումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը»,- ասված է Դատախազության հայտարարության մեջ: