Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:

 

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը' ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:

 

 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:10-ին, անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով' հափշտակվել է 1 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար գումար:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը' առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):

 

 

Կատարվում է նախաքննություն:

 

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: