ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա այսօր կատարված զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ 

Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ ժամը 14:10-ի սահմաններում «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կրակոց է արձակել և դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել հիշյալ մասնաճյուղում ծառայողական պարտականություններն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև իր մոտ եղած դանակով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ հարվածել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող նույն ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի: Բանկի մասնաճյուղից քիչ հեռու՝ Կոմիտասի պողոտայի 3/124 շենքի դիմաց, ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում Դանիել Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից, սպանելու դիտավորությամբ, կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Արա Շախգուլյանի ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածք:

 

Զինված հարձակում գործած անձը վնասազերծվել է և բերման ենթարկվել:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Գողոնն առգրավվել է և ի պահ հանձնվել բանկին։

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Վերջինս ձերբակալվել է։

Քննության ընթացքում բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ հրազենային վիրավորում ստացած Ա.Շախգուլյանի կյանքը փրկել չի հաջողվել և ստացած վնասվածքի հետևանքով մահացել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: