Բնականաբար, հանրային դեմքերի գործն ու խոսքը խոշորացույցի տակ է, այդ թվում Գագիկ Ծառուկյանի ազդեցության տեր մարդկանց, որոնց մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվում, վերլուծություններ են արվում, ու դա բնական է:

 

Սակայն անառողջ է որոշ վերլուծաբանների ու լրատվականների կողմից ձվի մեջ մազ փնտրելու մարմաջը, երբ մտացածին լուրերի ու կեղծ տեղեկատվության միջոցով փորձում են խեղաթյուրել իրականությունը և մարդկանց խոսքի ու գործի տարբերություններ հորինել: Ժամանակին Ծառուկյանը հայտարարեց՝ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ու այդ միտքը շարունակում է շատերին հանգիստ չտալ:

 

Իր խոստմանը համաձայն՝ Ծառուկյանը չմասնակցեց նաև Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Չնայած այդ փաստին՝ ոմանք շարունակում են ծառուկյանական հետք փնտրել հանրաքվեում՝ չնայած այն հանգամանքին, որ թե´ Ծառուկյանի ազդեցության գոտի համարվող Աբովյանում, թե´ Կոտայքի մարզում՝ ընդհանրապես, «ոչ»-ը բազմաթիվ տեղերում հաղթել է կամ մեծ թվով քվեներ ստացել: Ավելին, Առինջի մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասում «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 184 ձայն:

 

Իսկ իրականությունը հետևյալն է. Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նույնիսկ՝ տևական ժամանակ արտերկրում է եղել՝ արդեն իսկնախապատրաստական շրջանից: Այնպես որ՝ մարդն իր տված խոստումը կատարել է:


Եվ եթե նրա ազդեցությունից սարսափահար մարդիկ, անգամ նրա բացակայությունից օգտվելով,չկարողացան իրենց համար ցանկալի արդյունքներ արձանագրել, ապա դա ոչ թե մեր, այլ նրանց վերլուծելու խնդիրն է:

 

Այլոց պախարակելով՝ սեփական վարկանիշը բարձրացնելու փորձերը, ինչ խոսք, ծիծաղ են առաջացնում:


Արամ Հակոբյան