ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է սիրիա-թուրքական սահմանի մոտ խոցված ռուսական Սու-24 օդանավի թռիչքի պարամետրերի ինքնագրիչը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

 

 

Պուտինը հայտարարել է, որ ինքնագրիչի վերծանումը կօգնի պարզել ռուսական ինքնաթիռի շարժման ճշգրիտ հետագիծը, ինչպես նաև այն վայրը, որտեղ այն գտնվել է ոչնչացման պահին: Ընդսմին ՌԴ նախագահը խնդրել է Շոյգուին՝ չբացել ինքնագրիչը և դա անել միայն օտարերկրյա մասնագետների հետ համատեղ:

 

 

Պուտինը նաև վերապահություն է արել, որ, անկախ վերծանման արդյունքներից, Ռուսաստանը չի փոխի վերաբերմունքը Թուրքիայի իշխանությունների կողմից արվածի նկատմամբ: «Մենք Թուրքիային վերաբերվում էինք ոչ միայն որպես բարեկամ երկրի, այլև դաշնակցի ահաբեկչության դեմ պայքարում, և ոչ ոք չէր սպասում այդ ստոր, դավաճանական հարվածը թիկունքին»,- ասել է Պուտինը: