ԱՄՆ պետդեպարտամենտը գլոբալ ահաբեկիչների ցուցակում ընդգրկել է ծագումով Թուրքիայից՝ գերմանացի Էմրահ Էրդողանին: Վաշինգտոնը գտնում է, որ նա կապված է «Ալ Քաիդա» և «Ալ-Շաբաբ» խմբավորումների հետ:

 

Հանդիսանալով ահաբեկչական խմբավորումների անդամ՝ Էրդողանը մասնակցել է գրոհայինների հավաքագրմանն ու պայքարել է ահաբեկիչների համար: Բացի այդ նա միջոցներ էր հավաքում ահաբեկչական գործողությունների անցկացման համար, հաղորդում է Reuters-ը: Նախկինում ահաբեկիչը մասնակցել է Քենիայում և Ուգանդայում մարտական գործողությունների, այնուհետև ձերբակալվել է Տանզանիայում, որից հետո նրան հանձնել են Գերմանիային:

 

Նշվում է, որ Էրդողանն ունակ է ահաբեկչություններ իրականացնել, որոնք սպառնում են ամերիկացիների անվտանգությանը, ազգային անվտանգությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը: Էրդողանի ողջ գույքը բռնագրավված է, իսկ նրա միջոցները սառեցված են:

 

Էրդողանն այժմ ազատազրկման մեջ է գտնվում Գերմանիայում՝ պակիստանցի և սոմալցի զինյալների հետ համագործակցության համար: Հաղորդվում է, որ Էմրահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարեկամը չէ: