Համակարգված անհնազանդությունները բերելու են այն բանին, որ իշխանությունները նահանջելու են: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

«Մի քանի օր առաջ ՀՀ 2016 թվականի բյուջեն ընդունվեց, դուք տեսաք դրա հիմնավորումները և այն մտահոգությունները, որ հայտնվեցին՝ բյուջեն ուղղակի հնարավորությունների բյուջե է, իսկ հնարավորություններն արդեն իսկ 2015 թվականին նվազել են: Այսինքն՝ ՀՀ-ում գումարների սակավությունն ակնհայտ է: Պետական գումարները չեն բավարարելու պետական մարմիններում աշխատող անձանց աշխատավարձերի վճարմանը»,- տեսակետ հայտնեց Փոստանջյանը:

 

Պատգամավորը կրկնեց իր կոչը՝ չվճարել արագաչափերի տուգանքների համար, քանի որ այդպիսով սնուցվում է իշխանությունը. «Եթե դու չես սնուցում այս իշխանությանը, հետևաբար՝ իրավապահ մարմինները և այդ զորքը, որը կա չի կարող ստանալ համապատասխան վճարում և հարձակում գործել քեզ վրա: Սա է լինելու խաղաղ անհնազանդության հիմնական հետևանքը: Երբ դու խաղաղ անհնազանդությամբ գործադուլ ես անում, դու, փաստորեն, վնաս ես պատճառում իշխանություններին՝ անմիջապես կպնելով իր գրպանին, եթե դու կպնում ես իր գրպանին, ինքը հնարավորություն չի ունենալու օգտագործել վարչական ռեսուրսը: Բացի այդ, ընտրակեղծարարները եթե ենթարկվում են հանրային պարսավանքի, սկսելու են նահաջնել: Իրենց մոտ էլ է զարտուղի ճանապարհով փող աշխատելու մոտիվացիան նահանջելու: Հետևաբար այս բոլոր գործողությունների համակարգված իրականացումը բերելու է նրան, որ իշխանությունները նահանջելու են»:

 

Փոստանջյանը բերեց Վենեսուելայի օրինակը, որտեղ պառլամենտական ընտրություներում հաղթել է ընդդիմությունը՝ լիդերներին ունենալով բանտերում:

 

«Սա այն կուռ ավտորիտար ռեժիմի նահանջն է, որտեղ նույնպես տնտեսական ճգնաժամ է՝ նավթի գներն անկում են ապրել, պետությունը չունի այն հնարավորությունը, որպեսզի կարողանա սնուցել ժողովրդին ճնշող ռեժիմին: Նույնը մեզ մոտ է: Մեզ մոտ էլ բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ է, իրենք այդ հնարավորությունները չունեն, որպեսզի կարողանան անընդհատ ճնշել»:

 

Իր խոսքի վերջում Փոստանջյանը ներկայացրեց խաղաղ անհնազանդության պայմանական իրավիճակ. «Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. կենտրոնը Երևանն է, եռանկյունաձև գործողություններ են տեղի ունենում՝ Երևան - Գյումրի և Վանաձոր - Կապան անհնազանդության միջոցառում է: Իրենց ոստիկանական ռեսուրսները չեն հերիքելու այս եռանկյունաձև տարածքում հարձակումներ գործելու համար: Սա պետք է արվի շարունակաբար: Կարծում եմ՝ մեր հասաարակությունը պատրաստ է անհնազանդության գործողությունների, որոնք պետք է լինեն համակարգված և ինքնակազմակերպված, տեղում ունենան իրենց առաջնորդները»,- եզրափակեց պատգամավորը: